Այսօր յուրահատուկ օր է։ Սեպտեմբերի 5-ը նշվում է որպես բարեգործության միջազգային օր։
2011 թվականին հունգարացիները առաջարկեցին Մայր Թերեզայի մահվան օրը նշել որպես բարեգործության օր։ Մայր Թերեզան շատերի համար է ոգեշնչող եղել, շատերին է միավորել անշահախնդրորեն բարի գործ անելու, նվիրելու և նվիրվելու գաղափարների շուրջ։
Օրվա խորհուրդը հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ դեպի բարեգործությունը հրավիրելն է, հիշել և սովորել որ կարելի է օգնել, փոխարենը ոչինչ չպահանջելով։ Բարեգործությամբ կարող են զբաղվել բոլորը, քանի որ յուրաքանչյուր մարդու ի վերուստ շնորհված է բարի գործեր անելու հատկությունը և ունակությունը։
Բարեգործություն անելը երբեմն դժվար է, քանի որ այն իրենից պատասխանատվություն է ենթադրում, սակայն եթե մեզնից յուրաքանչյուրը ընդունի, որ ինքը լույս աշխարհ է եկել բարությամբ և իր առաքելություններից մեկը օգնելն է՝ բարեգործությունը կդառնա մարդու կյանքի անբաժան մասնիկը։
Եվ հետաքրքիր է, ինչու՞ են մարդիկ զբաղվում բարեգործությամբ։ Գլխավոր պատճառը բարի գործ անելու և անշահախնդրորեն մարդկանց օգնելու ցանկությունն է, այն դրական էներգիան, որ ստանում ես դիմացինին օգնելով, կարողանում ես ուրախանալ դիմացինիդ որևէ խնդիր լուծելով։
Բարեգործություն մարդիկ կարող են անել միայնակ, բայց երբեմն ցանկություն և ներքին պահանջ է առաջանում անել ավելին, օգնել քեզ նմաններին համախմբվել և միասին անել ավելին։ Այս դեպքերում առաջ է գալիս բարեգործական հիմնադրամ ստեղծելու կարիքը։ Նմանատիպ համախմբման կոչի շուրջ ստեղծվեց նաև ԱԿՈՒՆՔ բարեգործական հիմնադրամը, որի գաղափարախոսության անբաժանելի մասն է կազմում «միասին կարող ենք անել ավելին» խոսքերը։ Մեր հիմնադրամի նպատակը հոգեբանական, տեխնիկական, նյութական աջակցությունն է Հայաստանի Հանրապետության բնակչության խոցելի խմբերին։ Եվ որպես հիմնական արժեք ընդունելով մարդկային կյանքը, մենք հավատում ենք, որ դեռ շատ առիթներ են լինելու ուրախություն պարգևելու և ուրախանալու՝ դիմացի որևէ խնդիր լուծելով։
Պետք է գիտակցել, որ բարեգործությունը ոչ թե ժամանակի և ֆինանսների անտեղի կորուստ է, այլ՝ երջանկություն։ Եկեք սկսենք հենց այսօր, սկսենք ամենափոքր քայլերից, իսկ դրան կհաջորդեն ավելի մեծ ձեռքբերումները։
Եզրափակենք Մայր Թերեզայի հիանալի խոսքերից մեկով. “Այն ամենը ինչ մենք անում ենք, դա ընդհամենը մեկ կաթիլ է օվկիանոսում, բայց առանց այդ մեկ կաթիլի օվկիանոսը ավելի փոքր կլիներ։”